Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Փաշինյան
Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական բախում հրահրելն է, խնդիրը մի տեղանքի, մի բլուրի վերաբերյալ չէ:Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ նիստում:
«Մայիսի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են ՀՀ սահմանը և փորձել են դիրքավորվել ՀՀ տարածքում: ՀՀ զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին ՝տարբեր խորությունների վրա»,-հիշեցրեց Փաշինյանը:
Նա խոսեց իրադրության գնահատման մասին: «Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան կամ մի ինչ-որ կոորդինատի վերաբերյալ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարն ու հավելեց, որ սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան:
Նա նաև հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին: Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց նաև այն, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է բոլոր տեղանքներից:
«Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք, վերլուծելով իրավիճակը, որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները»,-ասաց նա;
Կարծիքներ