AstraZeneca-ն ԵՄ-ին առաջարկել է իր պատվաստանյութի եւս 8 միլիոն դեղաչափ գնել, սակայն դա բավարար չեն համարել
AstraZeneca դեղագործական ընկերությունը ԵՄ-ին առաջարկել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի լրացուցիչ 8 միլիոն դեղաչափ գնել` փորձելով մեղմել մատակարարումների շուրջ վեճը, սակայն դաշինքը հայտարարել է, որ այդ ծավալը շատ հեռու է նախապես խոստացվածից, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը ԵՄ-ում:
Անցյալ շաբաթ անգլո-շվեդական ընկերությունն անսպասելիորեն հայտարարեց Եվրամիությանը մատակարարումների կրճատման մասին` վկայակոչելով արտադրական խնդիրները Բելգիայի գործարանում, ինչն բացասական արձագանքի արժանացավ բլոկի կողմից:
ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ դա մինչեւ մարտի վերջ 60 տոկոսով կրճատում է ենթադրում` մինչեւ 31 մլն դեղաչափ, ինչը լուրջ հարված է հասցրել ԵՄ անդամ 27 երկրներին, որոնք արդեն հետ են մնում պատվաստումների արշավներից` Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համեմատ:
Բանակցություններին անմիջականորեն մասնակցած ԵՄ պաշտոնյան հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին AstraZeneca-ն առաջարկել էր մինչեւ 39 միլիոն դեղաչափ ավելացնել մատակարարումներն առաջին եռամսյակում: Նախկինում AstraZeneca-ի առաջարկի չափի մասին չէր հաղորդվում:
Օգոստոսին կնքված պայմանագրի համաձայն` այս ընթացքում ընկերությունը պետք է առնվազն 80 միլիոն դեղաչափ մատակարարեր Եվրամիությանը, հայտարարել է ԵՄ պաշտոնյան, եւ հավանաբար` նույնիսկ 120 միլիոն` «կախված պայմանագրի ընթերցումից»:
Չորեքշաբթի Եվրամիության մեկ այլ ներկայացուցիչ ճեպազրույցին նշել էր, որ ընկերությունն առաջարկել է մինչեւ մարտ մատակարարել դեղաչափերի համաձայնեցված ծավալի քառորդ մասը, ինչը պայմանագրում «եռանիշ» թիվ էր կազմում (համապատասխանում է առաջին աղբյուրի կողմից նշված 120 միլիոն դեղաչափից գրեթե 40 միլիոնին):
AstraZeneca-ի գործադիր տնօրեն Պասկալ Սորիոտը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ընկերությունն իրավական պահանջ չունի ճշգրիտ ժամկետում ԵՄ-ին մատակարարումների մասին, քանի որ այն պարտավորվել է պատվաստանյութերը մատակարարել միայն «լավագույն արդյունքի» մասին վերապահության համաձայն:
Կարծիքներ