Չեխիայում պատահաբար ոչնչացրել են ռազմական պահեստներում պայթյունների գաղտնի հաշվետվությունը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վարչակազմը սխալմամբ ոչնչացրել է Վրբետիցե գյուղի ռազմական պահեստներում պայթյունների գաղտնի հաշվետվությունը, որոնց կազմակերպման մեջ Իշխանությունները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին: Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Český rozhlas ռադիոն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում և քննչական խմբում իր աղբյուրները։
Նշվում է, որ այս փաստը պարզվել է, երբ ոստիկանությունը նախագահի աշխատակազմից խնդրել է ստուգման համար գաղտնի փաստաթուղթ ներկայացնել։ Իրավապահները պատասխան են ստացել, որ հաշվետվությունը սխալմամբ ոչնչացվել է։
Վարչակազմի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքի թույլտվություն չունեցող անձինք չէին կարող ծանոթանալ Վրբետիցայի մասին հաշվետվությանը: Ոստիկանությունը կստուգի՝ արդյոք պետության ղեկավարի վարչակազմը չի խախտել չեխական օրենքները։
Ռուս-չեխական հարաբերությունները կտրուկ սրվել են 2021 թվականի ապրիլի 17-ից հետո։ Այն ժամանակ Չեխիայի իշխանությունները Մոսկվային մեղադրել էին 2014 թվականին Վրբետիցե գյուղում ռազմամթերքի պահեստներում պայթյուններին իբր մասնակցության մեջ։ Երկրից արտաքսվել են 18 ռուս դիվանագետներ, որոնց ճանաչել են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։
Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն Չեխիային վճռական բողոք է հայտնել՝ մեղադրանքներն անվանելով մտացածին: Բացի այդ, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։
2021 թվականի հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Չեխիան Ռուսաստանից պահանջել է 25,5 մլն եվրոյի վնասի փոխհատուցում ՝ Վրբետիցայի պահեստներում տեղի ունեցած պայթյունների պատճառով:
Կարծիքներ