Վանաձորի ԲԿ-ում բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին սպասարկող վերականգնողական բաժանմունք
Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։
Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը.
«Մեզ համար կարևոր է այս կենտրոնի բացումը Վանաձոր քաղաքում: Մարզերի համաչափ զարգացումը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
«Հայ-ֆրանսիական հարաբերությունների և համագործակցության շրջանակներում առողջապահությունը շատ կարևոր ոլորտ է. կան գործարկված ծրագրեր և նոր մտքեր»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
«Պատերազմի ընթացքում շատերս, կարծես թե, անկարողության զգացողություն ունեինք, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն էլ չկա: Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-նշել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
Հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
Ծրագրի նպատակը շահառուների լայն խմբի համար հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորություն ստեղծելն է:
Կարծիքներ