Առողջապահության նախարարն այցելել է Սպիտակի և Վանաձորի ԲԿ-ներ
Լոռու մարզպետարանից հայտնում են՝ այսօր ճանաչողական այցով Լոռու մարզ է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը շրջել է Սպիտակի բժշկական կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մարզ այցելության, աշխատակիցների խնդիրներին հաղորդակից լինելու և մոտիվացնելու համար:
Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը պաշտոնյաներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը:
Ինչպես հայտնի է, Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և դարձել է մասնակի կորոնավիրուսային բուժման հիվանդանոց, սակայն մնացած ծառայությունները ևս գործում են, այդ թվում՝ ծննդօգնության, ակնաբուժական, թերապիայի, ինֆեկցիոն և վիրահատական բաժանմունքները:
Այս պահին COVID-ով վարակված 38 պացիենտ կա, իսկ մահճակալները նախատեսված են 40 հիվանդի համար, տնօրենի փոխանցմամբ՝ մինչ օրս սպասարկել են շուրջ 1700 վարակված անձի, այսօր էլ հիմնականում բուժում են ծանր վիճակում գտնվող պացիենտներին:
Հաջորդ կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:
Այցելություն է կատարվել նաև ՎԲԿ-Ի տարածքում տեղակայված շարժական մամոգրաֆիայի կաբինետ։ Վերջինս շուրջ մեկ ամիս է, ինչ Վանաձորում է։ Մի քանի ամիս անց այն կլինի նաև մարզի մյուս քաղաքներում՝ ընդհանուր առմամբ շուրջ մեկ տարի անվճար սպասարկելով մարզի համաբուժարաններին բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանանց:
Նախարարը վստահեցրել է, որ նմանատիպ այցերը մարզեր պարբերական բնույթ են կրելու՝ այդ կերպ փորձելով վեր հանել տեղերում առկա խնդիրները և լուծման ուղիներ նախանշել։
Կարծիքներ