Կառավարությունը հայտարարել է մրցույթ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար

Կառավարությունը հայտարարել է մրցույթ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար

ՀՀ կառավարությունը հայտարարել է մրցույթ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարություն ու մանրամասնել մրցույթին մասնակցելու կարգը:

Ըստ այդմ.

Ակադեմիայի ռեկտորը`

ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի պետական պատվերի տարեկան ծախսերի, արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին, առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն,

2) առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն դոցենտի գիտական կոչում,

3) բարձրագույն կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

5) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնա¬դրույթներ մշակելու կարողություն,

6) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

8) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

9) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

10) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

11) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում,

2) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) տեղեկանք մշտական բնակության վայրից,

9) հրատարակված հոդվածների ցանկ,

10) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել),

11) Ակադեմիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (գործունեության ծրագիր)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2021 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (ք. Երևան, Կիևյան 8):

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ վարչապետի աշխատակազմում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 30 նոյեմբերի 2021 թ.։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում