ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում հայտարարել են, որ «Թրամփի կարիքն ունեն»
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ունի երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարիքը, հայտարարել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամ Ջոնաթան Բարնեթը, փոխանցում է Politico-ն։
«Կասկածից վեր է, որ ունենք Թրամփի և նրա ընտրողների կարիքը։ Բայց նա էլ մեր կարիքն ունի։ Միասին մենք կհարթենք ամեն ինչ»,-ասել է Բարնեթը։
Թերթը նշում է, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցների կողմից Կոնգրեսի շենքի գրոհումից մի քանի շաբաթ անց «բարձրաստիճան հանրապետականները կրկին փորձում են վերականգնել նախկին նախագահի հետ իրենց հարաբերությունները»։
Politico-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից անմիջապես հետո հանրապետականների ղեկավարները երես էին թեքել Թրամփից և նույնիսկ ցուցարարների գործողություններին աջակցելու համար դատապարտել էին նրան:
«Սակայն հիմա Հանրապետական կուսակցությունը «նուրբ ջանքեր» է գործադրում Թրամփի ու նրա ընտրողների բազայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
Կարծիքներ