Առևտուր անելիս երբ ՀԴՄ կտրոնը կամ չենք տալիս կամ չենք վերցնում, մեր զինվորի կյանքն ու մեր տներն ենք վտանգի տակ դնում․ Սարգիս Հարությունյան

Առևտուր անելիս   երբ ՀԴՄ կտրոնը կամ չենք տալիս  կամ չենք վերցնում, մեր զինվորի կյանքն ու մեր տներն ենք վտանգի տակ դնում․ Սարգիս Հարությունյան

Լրագրող Սարգիս Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ուզում էի հետո` մի օր գրել, բայց քանի որ հարաբերական անդորր է, ու որ մի քանի ժամում կարողացանք մի հիսուն միլիոն դոլար հավաքել, մտածեցի` երևի ճիշտ ժամանակն է... Ուրեմն, սեպտեմբերի 30-ին երբ Մարտակերտը ուժեղ ռմբահարվում էր, ադրբեջանցիներն ինքնաթիռից էլ ռումբեր էին գցում քաղաքի վրա, շարժվեցինք այդ ուղղությամբ։ Ճանապարհին հասկացանք, որ հնարավոր է երկար մնանք և ռմբահարման պատճառով չկարողանանք մեր ցանկացած ժամին վերադառնալ, որոշեցինք մեքենայի գազի պաշարները համալրել։ Գազակցակայանները, որ Ստեփանակերտից դուրս այդքան էլ շատ չեն, փակ էին, որովհետև ադրբեջանցիները խփել էին նաև բենզա-գազալցակայաններին։ Ի վերջո, մի տեղ գտանք մի գազալցակայան, որ աշխատում էր, երկուսով էին... գազը լցրեց, հետո` ախպերս փողը չեմ վերցնում... պատերազմ է, ինչ փող... չեմ վերցնում ու վերջ։ Հանկարծ պահի տակ հիշեցի, որ Երևանում և հատկապես նրանից դուրս բենզա-գազալցակայաններում հաճախ ՀԴՄ կտրոնները կռվով ենք վերցնում... ։

Արդեն որերորդ պատերազմն է մեր աչքով տեսնում ենք, թե որքան կարևոր է ժամանակակից սպառազինությունը, որքան կարևոր է նյութատեխնիկական պաշարների հնարավորինս շատ լինելը, Արցախի քաղաքներն ու գյուղերն ենք վերականգնելու... չէ՞...։

Հնարավոր է, որ շատ ազգեր չկարողանային մի քանի ժամում հիսուն միլիոն դոլար հավաքել, ու միգուցե սա ոգևորվելու պատճառ է։ Բայց հիշենք, ամեն անգամ, երբ գազալցակայանում, խանութում, չգիտեմ էլ ուր չենք տալիս էդ ՀԴՄ կտրոնը, կամ չենք վերցնում, մեր զինվորի կյանքն ու մեր տներն ենք վտանգի տակ դնում, որովհետև էդ գումարով զենք ենք առնում, որովհետև էդ գումարն է մեզ հիմա հարկավոր։

Ֆոտոն`

Vahe Melkonyan

Հետևեք մեզ նաև Տելեգրամում