Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանից որոշ սննդամթերքի ներմուծման նկատմամբ կիրառված սահմանափակումները պայմանավորված են բացառապես հայտնաբերված խախտումներով և քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Ես չեմ տեսել որևէ նախագահ, որը հայտարարի, թե սահմանափակումները քաղաքականացված չեն։ Սակայն այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ընկերությունների հետ համագործակցության երկարամյա պատմություն, լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումներ»,- ասել է նա։

Դանկվերտի խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ ֆերմերներ կան, սակայն բացակայում են արդյունավետ համագործակցության և ներքին վերահսկողության մեխանիզմները։ Նրա գնահատմամբ՝ արտադրանքը հավաքվում է խոշոր խմբաքանակներով, ինչի հետևանքով սահմանին յուրաքանչյուր բեռնատարի մանրակրկիտ ստուգումը գործնականում անհնար է դառնում։

«Վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից, այլ ոչ թե մաքսային անցակետում»,- ընդգծել է նա։

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը նաև նշել է, որ գերատեսչությունը վերջին 15-18 տարիների ընթացքում վարում է յուրաքանչյուր օտարերկրյա ձեռնարկության գործունեության պատմությունը։ Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն կիրառվում ինքնաբերաբար, այլ հիմնվում են խախտումների վերաբերյալ կուտակված տվյալների վրա։ Ամենից հաճախ սահմանափակումները վերաբերում են առանձին արտադրողներին, սակայն եթե խնդիրը համակարգային բնույթ է կրում, գործընթացում ներգրավվում են միջկառավարական կառույցները։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ինչպես նաև սահմանափակումներ էր կիրառել թարմ լոլիկի, վարունգի, խոտաբույսերի և ելակի ներմուծման նկատմամբ։

Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև բալի և խաղողի ներմուծումը, ինչպես նաև պահանջվել է դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը։

Հունիսի 3-ից սահմանափակումներ են կիրառվել խնձորի, տանձի, սերկևիլի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։ Նշված ապրանքների տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ ևս արգելվել է։

Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կգործեն մինչև բեռնափոխադրվող ապրանքների անվտանգության ապահովման համար համապատասխան մեխանիզմների մշակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում