Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, Կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության օրակարգին, քննարկել ԱՄՀ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:
Նշվում է, որ վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաև այլ ուղղություններով բարեփոխումները և արձանագրվող արդյունքները:
Մտքեր են փոխանակվել տնտեսության առկա միտումների և 2023թ. ակնկալիքների շուրջ:
Կարծիքներ