Կորոնավիրուսով է վարակվել Գյումրու ծերերի-տուն ինտերնատի 55 տարեց ու 12 աշխատակից. տարեցներից մեկը մահացել է
Գյումրու ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել դեռ նախորդ շաբաթ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչի լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:
Թեստավորվել է 151 խնամյալ և 66 աշխատակից: Կորոնավիրուս է հաստատվել 55 տարեցի ու հաշմանդամություն ունեցողի, և 12 աշխատակցի մոտ:
37 տարեց է տեղափոխվել բուժօգնության՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, Երևանի և Սպիտակի բժշկական կենտրոններ: Տուն-ինտերնատի վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել բուժօգնության: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում:
Սպիտակ տեղափոխված տարեցներից մեկը մահացել է: Ըստ Նունե Գրիգորյանի, նա 90-ն անց խնամյալ է եղել: Կորոնավիրուսից բացի ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ:
«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր խնամյալները բոլոր մեծ են, կամ հաշմանդամություն ունեցող անձինք են, 80 և անց տարիքի հիմնականում: Տարեցները հատկապես, բոլորն էլ ունեն հիվանդություներ: Մենք այս պահին համագործակցում ենք ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանների հետ, որպեսզի ճիշտ գործողություններ իրականացնենք»,- ասաց Գրիգորյանը:
Որտեղի՞ց կարող էր խիստ կարանտինային պայմաններում վարակը թափանվցել տուն-ինտերնատ: Նունե Գրիգորյանն ասաց, պատկերացնել անգամ չի կարող: «Խիստ կարանտին էր սահմանված, հերթափոխ ընդունող անձնակազմը թեստավորվում, նոր էր անցնում աշխատանքի: Բայց ամեն դեպքում հավանաբար գաղտնի շրջանում է եղել, որը 3-4 օրից կարող է արտահայտվեր, և մարդը չիմանար այդ մասին: Ամեն դեպքում 3 ամիս անց չկարողացանք խուսափել նաև մենք»,- ասաց պատասխանատուն:
Այս պահին Գյումրու ծերերի տուն-ինտերնատում ՀՎԿԱԿ-ի մասնագետների աջակցությամբ մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ մեկուսացվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է:
Նշենք, որ տուն-ինտերնատի լուծարումից հետո Հայկական կարմիր խաչի ընկերությունն է իրականացնում Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:
Կարծիքներ