ՀՀ ՄԻՊ ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ՄԻՊ ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է, որ 2013 թվականից ի վեր` հուլիսի 30-ը մարդկության կողմից նշվում է որպես Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր:

«Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրացման, ֆիզիկական և մտավոր առողջության տեսանկյունից:

Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:

Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։

Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցակազմի առանձնահատկությունները՝ կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը, հատկապես՝ ռիսկային խմբերի շրջանում (կանայք, երեխաներ, ապաստան հայցողներ, փախստականներ):

Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվելու ու գործուն քայլեր ձեռնարկելու՝ մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորման կանխման, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնացման, աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները»,-ասված է ՄԻՊ ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում