Չավուշօղլուն հաստատել է, որ բոլոր կողմերի համար կփակի Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները
Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրեի կոնվենցիայի բոլոր դրույթները։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Ուկրաինայում ՌԴ-ի սկսած գործողությունը վերաճել է պատերազմի, եւ մենք ստիպված ենք գործի դնել Մոնտրոյի համաձայնագիրը՝ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների հետ կապված՝ փակելով այն պատերազմող բոլոր կողմերի ռազմանավերի համար»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով։
«Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին իրենց վճռական աջակցության համար՝ Սև ծով ռազմանավերի անցման արգելքի և զգալի ռազմական ու հումանիտար աջակցության։ Սա չափազանց կարևոր է այսօր։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- մասնավորապես գրել էր Զելենսկին։
Նշենք, որ Թուրքիան երեկվանից պաշտոնապես չէր հաստատել տեղեկությունը: Պնդումներ կային նաև այն մասին, թե Զելենսկին այդ կերպ փորձել էր հրապարակային ճնշման կամ խնդրանքի հնարք կիրառել թուրքական կողմի նկատմամբ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմական նավերի անցման համար, սակայն նույնիսկ այդ իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունն իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։
Թուրքիայի արտաքին հարցերով գերատեսչության ղեկավարը նաև հայտնել էր, որ թուրք մասնագետներն ուսումնասիրում են հարցը, և եթե «ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կարելի է սկսել, բայց այս պարագայում, իհարկե, նման քայլի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը պաշտոնապես որակի որպես «պատերազմ»։
Մոնտրեի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Կարծիքներ