Վիեննայում կանխվել է Իրանի փոխարտգործնախարարի վրա հարձակման փորձը
Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմության ներկայացուցիչներից մեկը փորձել է հարձակվել այցով Վիեննայում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի վրա, սակայն փորձը կանխվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրանական Mehr գործակալությանը։
Ըստ լրատվականի, «հակահեղափոխական» շարժման անդամներից մեկը վիրավորել է փոխարտգործնախարարին, ապա փորձել է հարձակվել նրա վրա։
Աբբաս Արաքչին Վիեննա է մեկնել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու։ Հանդիպմանը ներկա է լինելու նաև Միացյալ Նահանգները, սակայն երկու կողմերի միջև ոչ մի երկկողմ, ուղղակի և ոչ ուղղակի բանակցություն տեղի չի ունենալու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (Իրանի միջուկային համաձայնագիր) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: Նա ասել էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով համաձայնագիրը: Նա նաև հայտարարել Էր Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, որոնք հանվել էին համաձայնագրի կնքումից ի վեր:
Թրամփի կայացրած այս որոշումից հետո Թեհրանն աստիճանաբար սկսել է կրճատել գործարքով սահմանված իր պարտավորությունները: Այժմ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է վերադառնալ համաձայնագրին:
Կարծիքներ