Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրը հունիսի 23-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։
Ռոբերտ Սպանոն շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին ստրասբուրգյան իր այցի շրջանակներում ՄԻԵԴ այցելելու համար և ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին մասնակցելու համար։ ՄԻԵԴ-ի նախագահը կարևորել է նման հանդիպումներն ու շփումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կողմերը երկուստեք կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է, ու որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների ավելի քան 70-ից բարձր դատարաններ:
Կարծիքներ