Քաղաքական սպանություններ, սեփական ընտանիքի հարստացում, անպատմելի թալան. Ստեփանյանը՝ Քոչարյանի կառավարման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ նրա կողմից արված հայտարարություններին և Քոչարյանի կառավարման տարիներին:
«Մեր հյուսիսային դաշնակից պետության հանդեպ անմնացորդ սիրո նման դրսևորումն, ինչ խոսք, գուցե տեղին ու դիպուկ է հատկապես սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի համատեքստում։
Սակայն հատկանշական է, որ այդ խոստովանությունը հատկապես հրապարակային կերպով ցուցադրվում հենց այսօր` ՌԴ֊ԱՄՆ հանդիպումների ֆոնին։
Առհասարակ չմտնելով «մատի ու մատանու արանքը»` արձանագրենք սակայն, որ իրեն միակ տղամարդ հռչակած սույն անձը իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանը տարիներով հետ է շպրտել միջազգային ցուցանիշներից ու այդպես էլ չի գտել այն «ուչաստկովիին», ով կբացահայտեր հոկտեմբերի 27֊ը...
Տասնյակ քաղաքական սպանություններ, ազատ խոսքի վախճան, անհասկանալի մահեր, սեփական ընտանիքի երկրաչափական պրոգրեսիայով հարստացում , վախի ու սպառնալիքի մթնոլորտ ողջ երկրում, կեղծված ընտրություններ ու անպատմելի թալան, «ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» գրառումներով բեռնատարներով ապրանքներ` ազատ վաճառքի բոլոր կետերում ։
Արցախի շահի համար անհանգստացողը լավ կլիներ մի երկու խոսքով էլ պատմեր, թե ինչու ԼՂ֊ն դուրս թողեց բանակցություններից, ինչու ՀՀ֊ն դարձրեց ֆորպոստ , ինչու կազմակերպվեց մարտի 1֊ը և ինչ կապ ունեն այսօրվա սիրո լիրիկական զեղումները ԱՄՆ֊ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հետ։
Ամենամեծ դավաճանությունը սեփական երկրին դավաճանության մեջ մեղադրելն է։ Ճիշտ նշեցի` սեփական երկրին։
Թե չէ անպատասխան սիրո մասին պարբերաբար հնչող խոստովանությունները 2020֊ից լսում ենք ....»,- գրել է Ստեփանյանը:
Կարծիքներ