Եգիպտոսի առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Գազայում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կոչ է արել ամեն ինչ անել Գազայի հատվածում զինված հակամարտությունը դադարեցնելու և Հորդանան գետի Արևմտյան ափում ներկայիս սրումը դադարեցնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա հայտարարել է Կահիրեում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանում շարունակվող էսկալացիան մեծ վտանգ է ներկայացնում։ Միջազգային հանրությունը և ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրեն համաձայնության հասնելու Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և Արևմտյան ափում էսկալացիան դադարեցնելու համար։ Միայն դա կօգնի նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում և վերականգնել տարածաշրջանային կայունությունը»,- Եգիպտոսի նախագահի խոսքերը «ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։
Եգիպտոսի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ դադարեցնել հումանիտար աղետը Գազայում։
Բորելն էլ իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին նման կրիտիկական փուլում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում էսկալացիայի մակարդակը նվազեցնելու նպատակով։
Կարծիքներ