Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:
Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ:
Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի:
Առաջին ալիքի եթերում «Եվրատեսիլ-2022»-ը կմեկնաբանեն Հրաչուհի Ութմազյանը և Գարիկ Պապոյանը:
Հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Կարծիքներ