Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ուղղություններ են փնտրում որդուն բանակից «ազատելու» համար. Դավիթ Դանիելյան
Ցույցերին մասնակցում են մարդիկ ովքեր ինձ հետ մասնավոր զրույցներում նշել են, որ ուղղություններ են փնտրում որդուն բանակից «ազատելու», մյուսը՝ ծանոթ էր փնտրում հարկ չվճարելու, իսկ մեկն էլ վերջերս խնդրում էր օգնել «մի հարմար տեղ գործի գրանցվեմ, բայց գործի չգալու» համար:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադարնալով ընդդիմության կազմակերպած հավաքներին:
«Խնդիրը ջերմաչափի մեջ չէ...
Քանի օր է լուռ հետևում եմ քաղաքական ընդդիմության հավաքներին, հնչեցվող մտքերին, լսում ու վերլուծում եմ որոշ գործընկերների ելույթները ու նորից լուռ հետևում եմ:
Ո՞րն է մեր ազգի կրկնվող հիասթափությունների պատճառը: Գուցե մեր մեջ սխալները չփնտրելու, չշտկելու «չկրկնվող» սովորու՞յթը:
Ցույցերին մասնակցում են մարդիկ ովքեր ինձ հետ մասնավոր զրույցներում նշել են, որ ուղղություններ են փնտրում որդուն բանակից «ազատելու», մյուսը՝ ծանոթ էր փնտրում հարկ չվճարելու, իսկ մեկն էլ վերջերս խնդրում էր օգնել «մի հարմար տեղ գործի գրանցվեմ, բայց գործի չգալու» համար:
Այս մարդկանց տեսնում եմ ցուցարարների շարքերում, որոնք գուցե անկեղծորեն մտահոգված են մեր երկրի վաղվա օրով կամ էլ շարքային երեսպաշտներ են:
Եթե մտահոգված են և պայքարում են հանուն անվտանգ, ուժեղ երկիր ունենալու կարևորագույն նպատակի, ապա իրենք սխալ են պատկերացնում այդ երկրը ունենալու համար իրականացվող քայլերի հերթականությունը կամ այդ երկիրը ՉՈՒՆԵՆԱԼՈՒ պատճառները:
Դա նույնն է, երբ հիվանդը կոտրում է ջերմաչափը, կարծելով որ այդ ջերմաչափի մեջ է իր հիվանդությունը, այնինչ ջերմաչափը միայն ազդարարում է խնդրի կամ «սխալի» առկայություն: Փնտրենք և շտկենք մեր սխալները ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, որ չլինեն ծերերին ծեծող երիտասարդներ, նրանց արդարացնող ծերեր, սուտ հայրենասերներ ու կեղծ բարեպաշտներ»:
Կարծիքներ