ՌԴ-ում միգրանտների համար կանխավճարային հարկ կարող է սահմանվել
ՌԴ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է աշխատելու նպատակով երկիր եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախատեսվում է, որ օտարերկրացիներն իրավունք կունենան աշխատելու էլեկտրոնային պատենտների հիման վրա: Միգրանտին աշխատանքի վերցնել ցանկացող գործատուները պետք է գրանցվեն՝ լրացնելով հատուկ ձևաթուղթ, որը կպարունակի իր մասին հիմնական տեղեկությունը։
Գրանցվելուց հետո գործատուն էլեկտրոնային եղանակով պետք է դիմում լրացնի օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու մասին։
Օրենքի նախագծում նաև առաջարկվում է ներկայացնել օտարերկրացիներին վարձելու պայմանները՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին։
Ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ֆիքսված կանխավճարի ձևով ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում միգրանտներին արգելվելու է ՌԴ-ում աշխատել, նրանք, ամենայն հավանականությամբ, երկրից կվտարվեն։
Փաստաթղթով նախատեսվում է նաև կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով։ Հայեցակարգով նախատեսվում է նաև ՌԴ մտնելուց առաջ վերցնել միգրանտի մատնահետքերը և ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։
Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով հեշտացվում է օտարերկրացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու և աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, քննարկման փուլում է։ Նա նշել էր, որ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։
Կարծիքներ