Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Տեղեկացնում ենք՝ մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի Սասունցի Դավիթ կայարանում: Ժամը 07:10 նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ: Երևան վերադարձը նախատեսված է 17:00-ին Սևանի կայարանից:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից:
Այն մասնակիցները, ովքեր մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Հիշեցնենք՝ մասնակցության հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը հարկ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի մայիսի 25-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են նաև առցանց՝ նշված հղմամբ:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (էլ. հասցե՝ [email protected])։
Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08, տեխնիկական հարցերի համար՝ (096) 56-60-01 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00:
Նախարարությունից տեղեկացնում են մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության 6 մեքենա, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ:
Մրցաշարի ընթացքում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում կենթարկվեն դոպինգ-ստուգման:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (2004-1982 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ
Կարծիքներ