Կարագանդայում հանքի վթարի զոհերի թիվը հասել է 46-ի
Փրկարարները Կարագանդայում Arcelormittal Temirtau ընկերության Կոստենկոյի հանքավայրում վթարի հետևանքով մահացած վերջին մարդու մասունքներն են հայտնաբերել։ Այսպիսով, ողբերգության զոհերի ընդհանուր թիվը հասել է 46-ի, կառավարության նիստում հայտնել է Ղազախստանի ԱԻՆ ղեկավար Սիրիմ Շարիֆանովը։
«Այսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 45 հանքափորների դիեր և, ենթադրաբար, 46-րդ մահացածի աճյունը, 40 մահացածի ինքնությունը պարզվել է, 6-ի ինքնությունը՝ անհայտ: Կատարվում են անհրաժեշտ փորձաքննություններ՝ բացահայտելու համար նրանց ինքնությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ պատահարի հետևանքով 45 մարդ է մահացել։
Նախարարի խոսքով՝ որոնողական աշխատանքները բարդացել են էլեկտրաէներգիայի բացակայության, հանքի հանածոների մեծ ծավալների և բազմաթիվ քանդված մեխանիզմների առկայության պատճառով։ Միևնույն ժամանակ դժվար էր հեղեղված առանձին աշխատատեղերի մուտքը: «Այս պահին բաց հրդեհներ չկան, գազային իրավիճակը նորմալ է, հանքի աշխատանքը վերականգնելու համար աշխատանքներ են տարվում հանքի աշխատանքը ստուգելու և առանձին հատվածներում ջուր հասցնելու ուղղությամբ»,- նշել է Շարիֆանովը։
Նա պարզաբանել է, որ այժմ, բացի կառավարական հանձնաժողովից, ստեղծվել են յոթ ենթահանձնաժողովներ, որոնք աշխատում են դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու ուղղությամբ։ «Հետաքննությանը ներգրավվել են նաև փորձագիտական կազմակերպություններ Ղազախստանից, մոտ և հեռավոր արտերկրից»,- հավելեց ԱԻՆ ղեկավարը։
Նրա խոսքով, հոկտեմբերի 30-ից Կարագանդայի շրջանի հինգ հանքերում արտադրությունը վերսկսվել է։
Կարծիքներ