Լեհաստանը Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի ԵՄ-ՀՀ հարաբերություններում. Վահագն Խաչատուրյան

Լեհաստանը Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի ԵՄ-ՀՀ հարաբերություններում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին:



Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են Լեհաստանի հետ հարաբերությունները: Լեհաստանն այսօր Հայաստանի համար վստահելի և առանցքային դեր ունի Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում:

Արևելյան գործընկերության շրջանակում մենք միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը, և այն համագործակցությունը, որը կա Եվրամիության հետ, նաև պայմանավորված է հենց Լեհաստանի սկզբունքային դիրքորոշմամբ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նման կերպ: Համոզված եմ, որ Ձեր աշխատանքով նպաստելու եք դրան: Շատ կարևոր է մեկ անգամ ևս փաստել, որ անկախացումից հետո Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և, հատկապես, վերջին հինգ տարիներին դրանք ավելի են կարևորվել: Նոր թափ է ստացել հատկապես միջխորհրդարանական դիվանագիտությունը:



Ինձ համար շատ ուրախալի էր, երբ տեղեկացա, որ վաղը տեղի է ունենալու Հայաստան-Լեհաստան միջկառավարական հերթական հանդիպումը: Վստահ եղեք, որ սա ևս մեկ խթան կլինի մեր երկու երկրների տնտեսական համագործակցությունն ընդլայնելու առումով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հաջողություններ մաղթում»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սքվեչինսկին նշել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր ջանքերը հնարավորինս կներդնի Հայաստանի և Լեհաստանի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Հարգելի՛ պարոն նախագահ, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Հատկապես ուզում եմ, իհարկե, մեծ շնորհակալություն հայտնել նրա համար, որ կարողացա շատ արագ կերպով հանձնել իմ հավատարմագրերը Ձեզ:

Այս ամենը հատկանշական է հատկապես այն դեպքում, երբ, ինչպես Դուք նշեցիք, վաղը տեղի է ունենալու հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և շատ կարևոր է, որ ես արդեն որպես դեսպան կարողանամ ներկա լինել հանդիպմանը և նորից շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին և անձամբ Ձեզ, պարո՛ն նախագահ, Ձեր ջանքերի համար, որ այս ամենը տեղի է ունենում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Առանձնահատուկ կերպով ընդգծվել է երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության հարթակներում: Կարևորվել են Հայաստանի և Լեհաստանի օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական դիվանագիտության առկա բարձր մակարդակն ու դրա հետագա ընդլայնումը և բարձրամակարդակ փոխայցելությունները:

Դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր խոսքում նշել է, որ Լեհաստանը տպավորված է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք վկայում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին Հայաստանի հաստատակամ դիրքորոշման մասին: Դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանը լիովին աջակցում է Հայաստանին ժողովրդավարության արժեքների գերակայության հաստատման և Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման գործում:

Զրույցի ընթացքում կարևորվել է Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայությունը Հայաստանում, ինչը հերթական դրական խթանն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար:

Նախագահ Խաչատուրյանը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը և ջանքեր է գործադրում կայուն և հարատև խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում