Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- ասաց Խոջոյանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Կարծիքներ