Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվել են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։
Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց 8 և կանանց 10 թիմեր։
Կանանց պայքարում առաջնության չեմպիոն է դարձել «Վան թիմը, փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է «Սոֆթ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն։
Տղամարդկանց պայքարում Ֆիմա-2 թիմը եզրափակչում առավելության է հասել Ֆիմա-1 թիմի նկատմամբ, իսկ ԲԿՄԱ-ն գրավել է 3-րդ տեղը։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ ՀՎՖ-ն 2015 թվականից անցկացնում է ձյան վոլեյբոլի առաջնություններ, և ամեն տարի թե՛ մարզիչները, թե՛ հանդիսատեսն ականատես են լինում ավելի բուռն ու հետաքրքիր խաղերի։ ՀՎՖ-ն իր հերթին փորձում է ընդգրկել նոր և երիտասարդ թիմերի:
«ՀՎՖ-ն ձյան վոլեյբոլի առաջնությունների անցկացման մեծ փորձ ունի։ 2020 թվականին մեր երկրին վստահվեց ԵՎՖ - «CEV Snow Volleyball Tour»-ը, որտեղ Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Նույն թվականին Ծաղկաձորում անցկացվեց EEVZA ԱԵԵՎԱ ձյան վոլեյբոլի մրցաշարը, որտեղ տղամարդկանց թիմը դարձավ չեմպիոն, իսկ կանայք գրավեցին 3-րդ և 2-րդ տեղերը»,- նշում է Կարեն Ասմարյանը։
Նրա խոսքով՝ այս տարի ևս թիմերը բարձրակարգ խաղ են ցուցադրել. «Առաջնությունում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու մեծ հնարավորություններ ունեին բոլորը: Ուրախալի է, որ լավ խաղ ցուցադրեցին հիմնականում երիտասարդ մարզիկներ՝ «Վան», «Ավան», «Գեգաշեն», ՖԻՄԱ թիմերից. նրանց տարիքը 14-19 էր»:
Նշենք՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այս շաբաթ Արզնիի լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կանցկացնի ձյան վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը:
Կարծիքներ