Կառավարության որոշմամբ կբարձրանա բուհերի՝ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ։
Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ չափ սահմանված չէ: Որոշմամբ համապատասխանեցվում են գործող իրավական ակտերի դրույթները, և հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը:
Կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով՝ 2023 թ. ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որով, ըստ առաջադիմության, 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։
ՀՀ բուհերում, բացառությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, կրթաթոշակի շեմ սահմանված չէ (գործում են առանձին անվանական կրթաթոշակներ): «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի ընդունման պահից (2002թ.) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ստացել են 7500 դրամ պետական կրթաթոշակ՝ ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 14-ի N 217 որոշմամբ սահմանված 5000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսի չափով:
Ընդունված որոշմամբ ամրագրված դրույթները կարգավորում են բուհերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող կրթաթոշակի տրամադրման գործընթացը: Մասնավորապես՝ սահմանվել է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ ՀՀ կառավարության 2023թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված 50 000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսի չափով մինչև սովորողի 23 տարին լրանալը, որը կազմում է 75 000 դրամ։ Ընդ որում՝ միաժամանակ այլ պետական կրթաթոշակների հավակնելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողը կարող է օգտվել դրանցից առավելագույն չափ ունեցող կրթաթոշակի իրավունքից, որի դեպքում ևս կիրառվում է առավելագույն չափի 150 տոկոսը:
Այս կարգավորումը թույլ է տալիս պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողներին հավակնել մինչև 70 000-77 000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսին (105 000-115 500)։
Կարգը նախատեսված է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների համար, այսինքն՝ կարգավորումները տարածվելու են թիրախային խմբի բոլոր սովորողների վրա:
Որոշմամբ ամրագրվել է նաև, որ սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը (անգամ 23 տարին լրանալուց հետո): Նույն մոտեցումը կիրառվելու է նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների նկատմամբ։
Որոշումը բխում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման ծրագրով» ամրագրված սկզբունքներից՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով մատչելի և հասանելի կրթության ապահովում, այդ թվում՝ հասարակության խոցելի խմբերի համար, ինչը կապահովի նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի պահանջները:
Կարծիքներ