Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր
Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324:
Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը: Այստեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթերը, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ և Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։ Տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Լիագումար նիստում Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրել է «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ Օգտակար և ուշագրավ զեկուցումներ են ներկայացրել Սևան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ։
Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ (Էռնեստ Հեմինգուեյ 125, Լևոն Շանթ 155)։ Առանձնակի ուշադրության է արժանի արևմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գրողի առանձին գրքով հրատարակությունները, տարբեր լեզուներով թարգմանություններ, Զահրատի ձեռագրերի կրկնօրինակներ, լուսանկարներ, մամուլի անդրադարձներ։ Զահրատի ստեղծագործությանը նվիրված ուշագրավ հանրային դասախոսություն է ներկայացրել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Շարունակվել են կապերը մարզային և համայնքային գրադարանների հետ։ Ճանաչողական այցով գրադարան են այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի և «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզային գրադարաններ, նվիրել գրականություն, ինչպես նաև գործնական հանդիպումներ ունեցել տեղի համայնքային գրադարանավարների հետ։
Գրադարանի աշխատակիցների համար «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց է տեղի ունեցել, որը վարել են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Գրադարանում անցկացվել է նաև դասախոսություն «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով, որը վարել է ՀԱԳ Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։
Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ Ամառվա ամիսներին չորս ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963 թ., ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար.), «Կլեոն 5-ից 7-ը» (1962 թ., ռեժ.՝ Անյես Վարդա), , «Հիրոսիմա, իմ սեր» (1959 թ., ռեժ.՝ Ալեն Ռենե), «Ժյուլ և Ջիմ» (1962 թ., ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո):
Կարծիքներ