«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Դատախազությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա.Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, իրացման նպատակով «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել «դիազեպամ», «սիպազոն», «գալոպրիլ», «ազալեպտին», «տիզերցին» և «ամպարոլ» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։
Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը:
Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) (կաշառք ստանալը), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը) և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) (կաշառք ստանալը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված ՓԲԸ-ի նարկոլոգի, նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ և կաշառք տված 4 անձի, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Կարծիքներ