ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրաստիճան վաճառող»

ԶԼՄ. արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրաստիճան վաճառող»

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզը գործում է որպես «բրիտանական զենքի դե-ֆակտո բարձրաստիճան վաճառող» եւ աջակցում Պարսից ծոցի ավտորիտար ռեժիմներին, գրում է Declassified UK-ը:

Պորտալը նյութեր է հրապարակել Վինձորի ամրոցի եւ արաբական թագավորական ընտանիքի միջեւ հարաբերությունների մասին: Պարզվել է, որ վերջին տասնամյակում միայն 95 անգամ Չառլզը հանդիպել է Մերձավոր Արեւելքում իշխող ընտանիքների հետ, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները հանդիպել են միապետության ներկայացուցիչների հետ 217 անգամ:

Նշվում է, որ նա առաջ է տարել 14,5 մլրդ ֆունտ սթերլինիգ չափով զենքի արտահանումը:

Հաղորդվում է, որ այդ այցերի իրական նպատակը թաքցնում է Բուքինհեմյան պալատը: Պալատը շեշտը դնում է նրա մշակութային այցերի վրա՝ չնայած եղել են հանդիպումներ զինված ուժերի, հետախուզության եւ ներքին անվտանգության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ուելսի արքայազնի այցերը համընկել են նաեւ տարածաշրջանում ժողովրդավարության համար պայքարողների դեմ բռնաճնշումների բարձր մակարդակի հետ:

Վերջին հանդիպումը Վինձորի տան եւ արաբական թագավորական ընտանիքի միջեւ տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Զայիդն այցելել է Չառլզին եւ վարչապետ Բորիս Ջոնսոնին:

Ավելի վաղ  OXfam-ը զգուշացրել է, որ Մեծ Բրիտանիան երկարացնում է Եմենում պատերազմը, զենք վաճառում Սաուդյան Արաբիային: