«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոն։
Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ասոցացման համաձայնագրի շուրջ և երկուստեք հույս հայտնել, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման ներքին ընթացակարգերը սահմանված ժամկետներում կհասնեն իրենց ավարտին։
Միանալով վերոնշյալ ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունը կնպաստի մեր երկրում գիտական ներուժի զարգացմանը՝ գիտական համայնքին տրամադրելով տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ։
«Հորիզոն Եվրոպա»-ն Եվրոպական միության ամենամեծ ֆինանսավորում՝ 95,5 մլրդ եվրո ունեցող գիտական համագործակցության ծրագիր է։ Այն փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.-ին։
Կարծիքներ