«Թալիբանը» գրավել է Պենտագոնի ինքնաթիռներ և հրթիռներ
«Թալիբան» արմատական շարժումը գրավել է փոքր քանակությամբ ամերիկյան ինքնաթիռներ, ռազմական ուղղաթիռներ և հակատանկային հրթիռներ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Al-Arabiya հեռուստաալիքի աղբյուրները:
Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, նույնիսկ փոքր քանակությամբ զենքի առգրավումը մտահոգում է Միացյալ Նահանգների ղեկավարությանը: ԱՄՆ-ն սպասում է տարհանման ավարտին, որպեսզի որոշում կայացնի մի քանի գործողությունների իրականացման վերաբերյալ: Ըստ աղբյուրների՝ դրանց թվում դիտարկվում է պահեստների ռմբակոծումը:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել զենքի վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ: Աղբյուրները նշում են, որ թալիբները կարող են դժվարություններ ունենալ ուղղաթիռներ և ինքնաթիռներ օգտագործելու ժամանակ, քանի որ նրանք չունեն օդաչուներ, և նրանց հասանելի չէ տեխնիկական սպասարկումը:
ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության պետ, գեներալ Սթիվ Լայոնսը հայտարարել է, որ Աֆղանստանից մարդկանց տարհանող ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներին լուրջ վտանգ է սպառնում: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն վստահություն է հայտնել, որ դրանք կկանխվեն:
«Դա զգալի սպառնալիք է: Ես չէի ցանկանա մանրամասնել», – ասել է Լայոնսը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարող է սպառնալ ամերիկյան ինքնաթիռներին Քաբուլում:
Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարությունը կապի մեջ է զորքերի կենտրոնական հրամանատարության հետ հնարավոր սպառնալիքները բացահայտելու համար: Գեներալը վստահ է, որ հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները սպառնալիքները կանխելու համար:
Կարծիքներ