ՌԴ-ն և Ուկրաինան ավելի քան 150 ԱԹՍ են արձակել մեկը մյուսի տարածքի վրա
Ռուսաստանը գիշերը 102 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքի վրա, որոնցից 59 խոցվել են տարբեր մարզերի, այդ թվում՝ Կիևի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել են Սումիի, Օդեսայի և Չերկասիի մարզերը։ Թե կոնկրետ ինչ վնասներ են հասցվել, հայտարարության մեջ չի հստակցվում։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն երեք օր է՝ ԱԹՍ-ներով «անդադար ահաբեկում» է տարածաշրջանը. այս անգամ ռուսական ուժերը հարձակվել են Չեռնոմորսկի վրա։
«Հարձակման հետևանքով վնասվել է քաղաքային հիվանդանոցը, մասնավոր բնակելի շենք, վարչական շենք, հացահատիկի պահեստ և բեռնատարներ։ Չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկը բժիշկ է, որը հակառակորդի հարվածների ժամանակ վիրահատություն էր անում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չեռնոմորսկի և նրա արվարձանների մի մասի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը տարբեր մարզերում ոչնչացվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Յարոսլավի, Կուրսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կրասնոդարի, Վոլգոգրադի մարզերում։
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ ԱԹՍ-ներից մեկի բեկորների անկման պատճառով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արագ մեկուսացվել է։ Տուժել է մեկ աշխատակից։
Կարծիքներ