Այն, ինչ արդեն երրորդ օրը տեղի է ունենում Բելառուսում, ծանոթ է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս. Արման Բաբաջանյան

Այն, ինչ արդեն երրորդ օրը տեղի է ունենում Բելառուսում, ծանոթ է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս. Արման Բաբաջանյան

Այն, ինչ արդեն երրորդ օրը տեղի է ունենում Բելառուսում, քաջ հայտնի ու ծանոթ է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մենք անցել ենք այդ ճանապարհով 2008-2018 թվականներին՝ կերտելով այն ազատ ու ժողովրդավարական երկիրը, որն ունենք այսօր։

Այսօր Բելառուսում կատարվողը քննարկվում ու վերլուծության է ենթարկվում ամենատարբեր տեսանկյուններից, տարբեր պետություններ ու միջազգային կազմակերպություններ իրարից տարբերվող գնահատականներ են հնչեցնում, ոմանք դատապարտում են Լուկաշենկոյին, մյուսները՝ աջակցում կամ շնորհավորում։ Բայց բոլոր այդ գործողությունները՝ ինչպես դատապարտումները, այնպես էլ շնորհավորանքները, լայն իմաստով երկրորդական են, և դրանք չէ, որ որոշելու են բելառուսական ճգնաժամի հանգուցալուծումը։ Բելառուսում ստեղծված իրավիճակի ելքը որոշելու է այդ երկրի ժողովուրդը,

Բելառուսի քաղաքացիները, որոնց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը այս օրերին քննություն են հանձնում բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Հետևաբար ամեն ինչ կախված է ու առաջիկայում կախված է լինելու ժողովրդից, նրա կամքից ու վճռականությունից՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին և որոշելու սեփական երկրի ճակատագիրը։

Ավելի քան քսանամյա ավտորիտարիզմի ճգնաժամից հետո Բելառուսը հասել է մի հանգրվանի, որում որոշողը դարձել է ու դառնալու է երկրի քաղաքացին, ժողովուրդը։ Եվ ուրեմն հաջողություն ցանկանանք Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ իրենց պետության համար կարևորագույն, բեկումնային այս փուլում՝ մաղթելով հավաքական իմաստնություն ու վճռականություն։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում բելառուս ժողովրդին երկրի համար ճակատագրական այս օրերին և ցանկանում ենք, որ իրավիճակը հանգուցալուծվի հնարավորինս հանդարտ ու անցնցում։

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում