Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ Լաքոտ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույց է տվել «Ազատությանը»:
«Տեսնում ենք, որ այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է։ Այս մասին ասել է Լաքոտը՝ պատասխանելով հարցին՝ Ֆրանսիան ի՞նչ դիրքորոշում ունի երեք հարցերի հետ կապված՝ հայաստանցի ռազմագերիների վերադարձ, սահմանազատում Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։
Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը հրաժարվել են այցելել Շուշի, ինչպես կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։ Հարցին՝ չայցելելով Շուշի՝ ի՞նչ ուղերձ եք հղում, Լաքոտն ասել է․
«Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։
Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»։
Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիան պայքարում է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը նույնպես կարողանա այցելել Ղարաբաղ։
«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղում միջազգային ներկայությունը կնպաստի բնակչության բարեկեցությանը, ինչպես նաև անվտանգությանը»,- ասել է Լաքոտը։
Հարցին՝ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև, օրինակ, Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը խուսափեց հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանում համարում են, որ դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ, Լաքոտը պատասխանել է․
«Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիայի լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»:
Կարծիքներ