«Յուքոմի» հայցի ապահովման միջնորդությունը բավարարել է

«Յուքոմի» հայցի ապահովման միջնորդությունը բավարարել է

Օգոստոսի 13-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «Թիմ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով հաստատել, որ առկա պայմաններում «Թիմ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատկանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «Թիմ» ՍՊԸ հիմնադիրների կողմից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունների խախտումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև պարտավորեցնել «Թիմ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

«Յուքոմը» միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «Թիմ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաև կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմը» ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում