Վահրամ Դումանյանն առաջարկել է խրախուսել դպրոցներում օլիմպիական խմբակների կազմակերպումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ վիճակագրության՝ այդ օլիմպիադաներին, հատկապես բնագիտական և ճշգրիտ գիտությունների գծով, գրեթե միշտ մասնակցում են նույն դպրոցների աշակերտները: Նախարարն ընդգծել է, որ պետք է անել հնարավորը՝ մեծացնելու տարբեր դպրոցների երեխաների ընդգրկվածությունն օլիմպիական գործընթացում: Այդ նպատակով Վահրամ Դումանյանն առաջարկել է խրախուսել դպրոցներում օլիմպիական խմբակների կազմակերպումը:
«Դպրոցները պետք է հավուր պատշաճի իրենց աշակերտներին տեղեկացնեն օլիմպիադաների անցկացման և մասնակցության մասին, ինչպես նաև դպրոցներում ձևավորեն օլիմպիական մթնոլորտ»,- շեշտել է նախարարը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ պայմանավորված Քովիդ-19 համավարակով՝ այս տարի ևս առաջնահերթություն է օլիմպիադաների անցկացման ընթացքում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
Ներկաները քննարկել են հատկապես դպրոցական փուլում գնահատման օբյեկտիվության խնդիրը: Գնահատման գործընթացը բարելավելու նպատակով ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ներկայացնել համապատասխան առաջարկներ:
Հանդիպման օրակարգի հաջորդ հարցը՝ 2022 թ. Հայաստանում անցկացվելիք կենսաբանության միջազգային օլիմպիադան էր: Նշվել է, որ վերջերս հանդիպում է տեղի ունեցել կազմկոմիտեի անդամների հետ, և պետք է հնարավորինս աջակցել կազմկոմիտեին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադան մեր երկրում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ՝ միջազգային այդ կարևոր միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար:
Օրակարգի մյուս հարցն առնչվում էր հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգին: Մասնավորապես, քննարկվել են «միջազգային և այլ օլիմպիադաներ» դրույթի հստակեցման խնդիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև օլիմպիական խմբակների խմբավարների պատրաստմանը:
Կարծիքներ