Գյումրին այս պահին հանրապետությունում միակ քաղաքն է, որտեղ հաջողվել է մեծ մասշտաբով կասեցնել փողոցային առևտուրը
Դեռևս մեկ ամիս առաջ, Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկել էր բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը, որին ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնը։ Այս մասին գրում է Հայկական ժամանակը։
Կատարված աշխատանքի արդյունքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այցելել են Գյումրի, հանդիպել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկել փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները:
Դավիթ Առուշանյանը տեղեկացրել է, որ մինչ այս պահը հնարավոր է եղել ազատել Գյումրու կենտրոնական հատվածը: Մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների և Հաղաթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները, իսկ առեւտրականներին իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկվել են այլ տարածքներ:
«Աշխատանքների ձգձգման պատճառը սոցիալական խնդրի առկայությունն էր, պետք էր առևտրականների համար այլընտրանքային տարբերակներ առաջարկել, թեև համայնքապետարանը ոչ մի պարտավորություն չունի: Փորձելով աջակցել մեր քաղաքացիներին՝ մենք առաջարկում ենք այլընտրանքային տարբերակներ: Քաղաքի այլ վայրերում ևս կա խնդիր, բայց Կենտրոնում այս խնդիրն ավելի քան երեսուն տարի կարծրացել էր: Սա քաղաքապետարանի, ոստիկանների և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կառույցի աշխատակիցների համատեղ աշխատանքն է»,- ասել է Առուշանյանը:
Գեորգի Ավետիսյանը ծանոթանալով կատարված աշխատանքին նախ շնորհակալություն է հայտնել ու նշել, որ Գյումրին այս պահին հանրապետությունում միակ քաղաքն է, որտեղ հաջողվել է նման մասշտաբի աշխատանք կատարել:
«Շնորհակալություն կատարված աշխատանքի համար, սկիզբը լավ է ստացվել: Սա ոչ միայն էսթետիկ է, այլ նաև անվտանգության ու մարդկանց առողջության համար է կարևոր: Եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է մի քանի սովորություններից հրաժարվենք՝ հանուն հանրային առողջության, իսկ փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող լինել անվտանգ: Գյումրու քաղաքապետարնն առաջինն է, որ նման նախաձեռնությամբ հանդես եկավ և սա շատ ոգևորիչ է»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը:
Դավիթ Առուշանյանը նշել է, որ այս պահին Անի թաղամասում փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի՝ մինչ թաղամասի նոր շուկայի կառուցման ավարատը:
Կատարած աշխատանքի համար շնորհակալագրեր են հանձնվել Դավիթ Առուշանյանին և ՀՀ ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանին:
Կարծիքներ