Բելգիայում կոկաինի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել
Բելգիայի ոստիկանությունը Անտվերպենի նավահանգստում հայտնաբերել է 11,5 տոննա կոկաին, որը թաքցրած է եղել հինգ բեռնախցիկներում, հայտնել է Բելգիայի դաշնային ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խոսքը արտասահմանից բերված թմրամիջոցների աշխարհում խոշորագույն խմբաքանակի մասին է: Այս խմբաքանակի մոտավոր արժեքը 450 միլիոն եվրո է կազմում:
Բացի կոկաինից, բեռնախցերում եղել է նաեւ մետաղի ջարդոն: Հաղորդվում է, թե գործողությունը, որի ընթացքում թմրանյութ է հայտնաբերվել, ուղղված է եղել Լատինական Ամերիկայի եւ Բելգիայի միջեւ թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցավոր խմբի ոչնչացմանը: Խմբաքանակն ի սկզբանե հասել է Զեբրյուգեի նավահանգիստ, այնուհետեւ այն տեղափոխել են Անտվերպեն, որտեղից պիտի ուղղվեր հարեւան Նիդեռլանդներ:
Այս գործով Բելգիայի իշխանությունները ձերբակալել են երկու մարդու: Հետաքննությունը շարունակվում է:
Անցյալ մի քանի տարիների ընթացքում իշխանությունները նշել են Անտվերպենի նավահանգստով թմրանյութերի շրջանառության աճի մասին: 2016-2019 թվականներին այս նավահանգստում առգրավված թմրանյութերի արժեքը կազմում է շուրջ 3,2 միլիարդ եվրո:
Կարծիքներ