Օվերչուկը ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու ձգտումները համեմատում է Տիտանիկի տոմս գնելու հետ

Օվերչուկը ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու ձգտումները համեմատում է Տիտանիկի տոմս գնելու հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են և հայտարարել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ 

«Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն, անհնար է։ ՀՀ-ում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ։

ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 տոկոսով: Այսպիսով՝ սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը՝ նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ (եվրոպական երկրների հետ), Իսկ Հայաստանը ՝ դեպոպուլյացիա։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ»,- եզրափակեց Օվերչուկը:

Նա հավելել է, որ եթե օրինագծի մշակողներն ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու մասին հոդվածով․ «Իսկ եթե այդպես հարց չի դրվում, ուրեմն այդ օրինագծի հեղինակներն իրենք են իրենց հաշիվ տալիս մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում