ԱՄՆ-ում աճել է Ուկրաինայի հարցով բանակցություններին աջակցողների թիվը

Ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ստիպի Կիևին խաղաղություն ձգտել Մոսկվայի հետ, չնայած Ուկրաինայի հնարավոր զիջումներին, աճել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին են վկայում երկուշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է Չիկագոյի միջազգային հարցերով խորհուրդը նոյեմբերի 18-20-ը։
Սոցիոլոգիական հետազոտության մասնակիցներին առաջարկվել է ընտրել, թե երկու տեսակետներից որն է ավելի մոտ իրենց: Առաջինն այն է, որ «ԱՄՆ-ն պետք է աջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, նույնիսկ եթե ԱՄՆ տնային տնտեսությունները վերջ ի վերջո ավելի շատ վճարեն սննդի և վառելիքի համար»: Այս դիրքորոշումը կիսում է հարցվածների 48%-ը։ Հուլիսին դրան իր աջակցությունն է հայտնել հարցվածների 58%-ը։
Երկրորդ տեսակետը ձևակերպված է հետևյալ կերպ. «ԱՄՆ-ը պետք է հորդորի Ուկրաինային հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել, որպեսզի ամերիկյան տնային տնտեսությունների համար ծախսերն այդքան մեծ չլինեն, նույնիսկ եթե դա նշանակում է, որ Ուկրաինան կկորցնի որոշ տարածքներ»: Այս դիրքորոշումը նոյեմբերին պաշտպանել է հարցվածների 47%-ը։ Հուլիսին այս մոտեցումը ճիշտ է համարել սոցիոլոգիական հարցման մասնակիցների 38%-ը։
Հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների մեծ մասն այժմ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը և Կիևին զենք տրամադրելուն։ Հարցվածների 32%-ն ընդունելի է համարում ԱՄՆ-ի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը` իր իշխանություններին օգնելու համար: Հետազոտության արդյունքների համաձայն՝ դեմոկրատներն ընդհանուր առմամբ որոշ չափով ավելի հակված են հակառուսական դիրքորոշմանը, քան հանրապետականները։
Հարցումն անցկացվել է ողջ երկրում՝ 18 տարեկանից բարձր 1030 ամերիկացիների շրջանում։ Նրանց հարցեր են տվել առցանց։
Կարծիքներ