«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտները կհանդիպեն անվանի դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտները կհանդիպեն անվանի դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

2023 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու անվանի երաժիշտ, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Կարապետյանի հետ:

Լևոն Կարապետյանը ծնվել է 1989 թվականին Երևանում: Նվագել սկսել է 6 տարեկանից, իսկ առաջին համերգը տեղի է ունեցել 9 տարեկանում: 1999-2004 թթ. սովորել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան, իսկ 2004-2007 թթ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում: 2007-2013 թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: Այնուհետև, 2014-2016 թթ. մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի և Լորան Կաբասոյի դասարաններում: 2014 թ. վարպետության դասընթացներ է անցել հռչակավոր դաշնակահար Բորիս Բեռմանի, 2015 թվականին՝ ֆրանսիացի ականավոր դաշնակահար Բեռնար Դասկոլիի, 2018 թվականին՝ դաշնակահար Ալբերտ Մամրիևի մոտ: 2010 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը: 2011 թվականից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի անդամ է:

Լևոն Կարապետյանը Վլադիմիր Գորովեցի անվան հանրապետական մրցույթի դիպլոմակիր է և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր: Փարիզում մասնակցել է «Ֆլամ» միջազգային մրցույթին, իսկ 2013 թ. արժանացել է երիտասարդ կատարողների ՀՀ նախագահի մրցանակի:

Տեղեկացնենք, որ 2023 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի մարզերում:

Նշենք նաև, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ:

Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները ստանում են ոչ միայն տեսական գիտելիք, այլև հնարավորություն ունեն անմիջականորեն դիտել տվյալ արվեստագետի ներկայացումը, ունկնդրել համերգային կատարումը: Երեխաները մասնակցում են հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրությանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լինում է նաև հարցուպատասխանի հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում