Մեծ Բրիտանիայի թագուհին տասներորդ ծոռն է ունեցել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը տասներորդ ծոռն է ունեցել: Չորեքշաբթի Նորին Մեծության թոռնուհու՝ Զառա Թինդալի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կիրակի օրը՝ մարտի 21-ին, լույս աշխարհ է եկել Թինդալի որդին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Զառա եւ Մայք Թինդալներն ուրախ են տեղեկացնել իրենց երրորդ երեխայի՝ Լուկաս Ֆիլիպ Թինդալի ծննդյան մասին»,-ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է PA-ն:
Նորածնի քաշը 3,7 կգ է:
Բրիտանացի արքայադուստր Աննայի դուստրը՝ Զառա Ֆիլիպսը, 2011-ի հուլիսին ամուսնացել է ռեգբիստ Մայք Թինդալի հետ, ով երեք տարի անց թոշակի է անցել: 39-ամյա Զառա Թինդալը շարունակում է զբաղվել պրոֆեսիոնալ ձիասպորտով: 2012-ին նա նվաճել է արծաթե մեդալ Լոնդոնի Օլիմպիական խաղերում: 2013-ին Թինդալների ընտանիքում առաջին դուստրն է ծնվել, 2018-ին՝ երկրորդը: Նրանց երրորդ երեխան 22-րդն է գահաժառանգության հերթում:
Փետրվարին Եղիսաբեթ II-ի մեկ այլ թոռնուհի Յորքի արքայադուստր Եվգենյան երեխա է ունեցել: Այս տարի ամռանը երկրորդ երեխան կունենան նաեւ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը: Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում զույգը հայտարարել է, որ աղջիկ է ունենալու:
Կարծիքներ