Բունդեսթագում կոչ են արել բարձրացնել Մերկելի կառավարության նկատմամբ վստահության հարցը
Գերմանիայի ձախակողմյան խորհրդարանական խմբակցության ղեկավար Դիտմար Բարչը կոչ է արել Բունդեսթագում բարձրացնել կանցլեր Անգելա Մերկելի կառավարության նկատմամբ վստահության հարցը, ինչը կապված է համավարակի ֆոնին Սուրբ Զատկի կապակցությամբ սահմանափակումները չեղյալ համարելու սկանդալի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք հիմա երկրի ղեկավարության նկատմամբ վստահության ճգնաժամի իրավիճակում ենք գտնվում», – ասել է պատգամավորը՝ գերմանական Funke լրատվականին տված հարցազրույցի ընթացքում։
«Նա պետք է բարձրացնի գերմանական Բունդեսթագում վստահության հարցը», - հորդորել է պատգամավորը կանցլերին: Նա նշել է, որ համավարակի դեմ հետևողական պայքար հնարավոր է միայն այն դեպքում, երբ կանցլերը վայելում է մեծամասնության վստահությունը խորհրդարանում:Բարչը հայտարարել է նաև «կանցլերի գրասենյակում դիլետանտիզմի» մասին:
Երկուշաբթի օրը գերմանական իշխանությունները երկարատև զատկական արձակուրդներ էին սահմանել. ապրիլի 2-ին, 4-ին և 5-ին (Ավագ ուրբաթ և Զատիկ) արձակուրդային հանգստյան օրերի փոխարեն, քաղաքացիները կարող էին հանգստանալ ապրիլի 1-ից 5-ը: Իշխանությունների կարծիքով, այս երկարաձգված արձակուրդները պետք է «կոտրեն» երկրում համավարակի երրորդ ալիքը:
Այս որոշումը սուր քննադատության է արժանացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Ոմանք բանավեճերի կոչ են արել, ոմանք նշել են, որ անհրաժեշտ է վերանայել սահմանափակող միջոցների քաղաքականությունը, ինչպես նաև սահմանափակող միջոցառումների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացը. երկուշաբթի բանակցությունները ձգվել են մինչև ուշ գիշեր, և քաղաքացիների մեծ մասը տեղեկացել է Զատկի արձակուրդի մասին առավոտյան: Ներկայումս նման որոշումներ կայացնում են Մերկելը և շրջանների ղեկավարները՝ պարբերաբար անցկացվող հանդիպումների ժամանակ: Այնուհետև ընդունված որոշումները գործնականում իրականացվում են դաշնային նահանգների իշխանությունների կողմից:
Կարծիքներ