Հայկ Մարությանը մանիպուլացնում է․ մեկ ուղղության համար 300 դրամ արժեքով ուղետոմս չկա. FIP

Հայկ Մարությանը մանիպուլացնում է․ մեկ ուղղության համար 300 դրամ արժեքով ուղետոմս չկա. FIP

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, նշել է․ «Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում: Բայց եկեք չմոռանանք, ինչից էր ամեն ինչ սկսվել: Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ: Հիմա հայտարարում են 150 դրամ»:Այս մասին հայտնում է Fip.am-ը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ուղևորատոմսերի համար առաջարկվող արժեքները և պարզել, որ Հայկ Մարությանի հայտարարությունը սխալ է ու մանիպուլյատիվ:

Իրականում, քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղևորության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանու փետրվարի 11-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է փոփոխել և դարձնել 180 րոպե:

Ուղևորատոմսերից այս տարբերակի մասին Երևանի քաղաքապետը ասել էր, որ 300 դրամանոց տոմսով քաղաքացին կարող է մի քանի տրանսպորտից օգտվել մոտ մեկ ու կես ժամում, քանի որ բարեփոխումների շրջանակում տրանսպորտային գծերի քանակը նվազելու է։ «Դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»,- 2024-ի նոյեմբերի 4-ին հայտարարել էր Ավինյանը։

Ինչ վերաբերում է առաջարկվող նոր փոփոխություններին, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են, մասնավորապես՝

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Մեկ ուղղության համար 150 դրամ արժեքով ուղետոմսը առաջարկվող տարբերակների մեջ նոր է լինելու։ Բացի այդ, քաղաքային իշխանությունները հունվար–փետրվար ամիսների համար գնված կամ գնվող մեկամսյա փաթեթի ժամկետը նախատեսում են երկարացնել՝ 30 օրվա փոխարեն դարձնելով 60 օր։ Հունվարի 28-ին ազդարարված այս փոփոխությունները Երևանի ավագանին կքննարկի հունվարի 31-ին կայանալիք արտահերթ նիստում։

Այսպիսով, Հայկ Մարությանի պնդումը, թե քաղաքային իշխանությունը հայտարարել էր 1 ուղևորության համար 300 դրամ, մանիպուլյատիվ է և իրականությանը չի համապատասխանում: Բանն այն է, որ քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղղության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանին ծրագրում է դարձնել 180 րոպե:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում