Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթի ենթարկված հղին մահացել է
Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը ժամը 18:24-ի սահմաններում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է: Պտղին նույնպես փրկել չի հաջողվել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Ըստ նրա, հղին բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած, շնչառության և սրտի կանգով:
«Անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները, մեկուկես ժամ սիրտ-թոքային վերակենդանացում է կատարվել: Ստուգվեց պտուղը, բաբախը բացակայում էր, ինչը խոսում էր պտղի մահացած լինելու մասին: Մեկուկես ժամ անց դադարեցրել ենք բոլոր գործողությունները, քանի որ դրանք ապարդյուն էին»,- մանրամասնել է Անատոլի Գնունին:
Հիշեցնենք, քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Կարծիքներ