Շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք չի արձանագրվել
ՀՀ ՍԱՏՄ կողմից «Կինդեր» շոկոլադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ Ferrero ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հարկ է համարում տեղեկացնել, որ շոկոլադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ—ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկոլադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում»,֊ ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ