Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուզբեկստանին ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սամարղանդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Նախագահները պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Տաշքենդի ջանքերին՝ ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու հարցերում։
«Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու Ուզբեկստանի՝ Կենտրոնական Ասիայում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև մեր երկրի անդամակցությանն ԱՀԿ-ին և Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը», - ասված է հայտարարության մեջ։
Մակրոնն ու Միրզիյոևը նաև ընդգծել են «քաղաքական երկխոսության շարունակման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդման կարևորությունը»։
Իր հերթին նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուզբեկստան առաջին այցի պատմական կարևորության մասին: Կողմերը ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ ուղղված Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա զարգացմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին այցելել էր Ղազախստան, որտեղ բանակցություններ էր վարել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր ստորագրել:
Կարծիքներ