ԵՄ-ն արգելել է էլեկտրամեքենաների, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաների մատակարարումները Ռուսաստան
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մի շարք ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կայքում տարածված հայտարարությունից:
«Ռուսաստանի Դաշնություն լյուքս դասի ավտոմեքենաների մատակարարման գործող արգելքը տարածվել է 1900 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալով բոլոր նոր և օգտագործված մեքենաների վրա, ինչպես նաև էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների վրա», - նշված է հայտարարությունում:
Եվրահանձնաժողովում հավելել են, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում նաև սահմանվում է ավտոբաղադրիչների առանձին տեսակների մատակարարման ամբողջական արգելք։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ԵՄ խորհուրդը հաստատել է այսօր՝ հունիսի 23-ին:
Կարծիքներ