Կարող եք անգամ դաշնակցական գործիչներից մեկին նկարել, միևնույն է՝ անձնագիր ու սոցքարտ ստանալու եք. Չախոյան

Կարող եք անգամ դաշնակցական գործիչներից մեկին նկարել, միևնույն է՝ անձնագիր ու սոցքարտ ստանալու եք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանը, թե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մի քաղաքացու մերժել են տրամադրել սոցիալական քարտ նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): 

«Ձեր ստորագրության վրա կուզեք Արարատ նկարեք, կուզեք Արագած նկարեք, կուզեք Տիգրան Մեծի ծովից-ծով Հայաստան նկարեք, սոցիալական քարտ ու անձնագիր ստանալու եք։

Դաշնակների Երկիր oրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը լծված են ակնհայտ կեղծիք տարածելուն, թե Արարատի նշանով ստորագրության համար քաղաքացուն սոցքարտ չեն տվել։

ՆԳՆ-ն հերքել է լուրը, նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում, իսկ քաղաքացու կինը հայտնել է լրատվամիջոցներին, որ ամուսինը սուտ տեղեկություններ է փոխանցել, եղել է ոչ ադեկվատ վիճակում։

Փաստացի՝ դաշնակների օրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ոչ ադեկվատ մարդուն դարձրել են քարոզչամիջոց»,- գրել է Չախոյանը և մեկնաբանությունների դաշտում հավելել՝ «հնարավորության ու ցանկության դեպքում կարող եք անգամ դաշնակցական հայտնի գործիչներից մեկին նկարել, միևնույն է՝ անձնագիր ու սոցքարտ ստանալու եք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում