Միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է մոտ 24 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը թաքցված է եղել հիշյալ առաքանու մեջ գտնվող սպորտային բաճկոնի գրպանում:
Նշված դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Երևանի «ՀայՓոստ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններից մեկում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել առաքանին ստացող ԱՄՆ քաղաքացի Կ.Գ-ն: Վերջինս, ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծիքներ